Սահմանամերձ Չինարի գյուղում պատերազմը շարունակվում է

Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից Չինարի համայնքում հնչող կրակոցները դարձել են սովորական, բնակիչները կես կատակ-կես լուրջ պատմում են, որ եթե մի օր կրակոց չի լինում, անհանգստանում են: «Տուն կա, որ սահմանից 600 մետր հեռավորության վրա է, հողագործությամբ մարդիկ քիչ են զբաղվում, մենակ մտածում են որ հեռանան գյուղից», պատմեց Չինարի գյուղի տարեց մի բնակիչ, ով թեեւ լարված իրավիճակին, թղթախաղ էր խաղում հասակակիցների հետ:

Նրա խոսքով քիչ չեն դեպքերը, երբ թշնամին որպես քայլող թիրախ օգտագործում է անձամբ մարդկանց ու անասուններին: Բնակիչները պատմում են, որ Չինարիում վիճակն ավելի վատ է, քան այլուր, Չինարիում պատերազմը դեռ չի ավարտվել: Մանկահասակ երեխաները պատմում են, թե ամեն անգամ, երբ դայակներն ու դաստիարակները բարձր երաժշտություն են միացնում, իրենք գիտեն, որ իրենց վրա կրկին կրակում են:

Մանկապարտեզի շենքը գտնվում է սահմանի հենց դեմ դիմաց, պակաս տեսանելի տեղում չէ նաեւ դպրոցի շենքը: Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը եւս հավաստում է երեխաների ասածը, նշելով, որ նրանց մի մասը կրակոցների ձայնը լսելուց վախենում է ու լացում, մի մասն էլ` ոչ: Սահմանամերձ այս գյուղում խնդիրները շատ են, լուծումները` քիչ: Գյուղացիներն այսօր գյուղ այցելած լրագրողներին պատմում էին, որ իրենց մասին խոսվում է միայն նման դեպքերում, իսկ մնացած խնդիրները մատնված են անուշադրության: «Ոչ մի տեղ հաշվի չեն առնում մեր սահմանամերձ բնակիչ լինելը, սահմանամերձ Չինարիից զինվորներին տանում են Ղարաբաղ ծառայության, էնա էդ տղերքը սաղ իրենց կյանքը սահման են պահում»,-ասում են նրանք:

Տավուշի թղթակցի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ թեեւ գյուղում խուճապ չկա, սակայն վախի մթնոլորտը դարձել է կենսակերպ. «Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը մոտ 4-5 ժամ խոշոր տրամաչափի գնդացիրներով հրետակոծվել են վերին թաղամասի տները, 17 տուն մասնակի վնասվել է, մայիսի 22-ին ժամը 15:30-ի սահմաններում անասնապահ Սաղոյան Արշալույսի վրա են կրակել, սպանել են նրա ավանակը, վնասել ցլիկին ու ոչխարին, բարեբախտաբար, իրեն բան չի եղել»,-ասաց նա: Նշենք, որ Չինարիում միայն մայիսին, ըստ համայնքի ղեկավարի, անասունների վրա կրակելու միանգամից մի քանի դեպք է գրանցվել, բարեբախտաբար, այդ փամփուշտները գյուղացուն չեն դիպել:

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: